
Published on 29/10/2026
Հոկտեմբերի 28-ին Երևանում ընթացող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) շրջանակում Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Բնության պահպանության միջազգային միությունը (IUCN) և Շվեդիայի կառավարությունը՝ Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) միջոցով, պաշտոնապես մեկնարկել են «Բնահեն լուծումների առաջմղումը Հայաստանում՝ հանուն կենսաբազմազանության և դիմակայուն համայնքների» նոր նախաձեռնությունը։ Եռամյա ծրագիրը (2026 թ. նոյեմբեր – 2029 թ. հոկտեմբեր), որն իրականացվում է Շվեդիայի 30 միլիոն շվեդական կրոն (մոտ 2,7 միլիոն եվրո) ֆինանսական աջակցությամբ, միտված է բնահեն լուծումների կիրառման միջոցով էկոհամակարգերի վերականգնմանը, կենսաբազմազանության ամրապնդմանը և Հայաստանի գյուղական համայնքների դիմակայունության ու բարեկեցության բարձրացմանը։
Ռազմավարական այս գործընկերությունն իրականացվում է IUCN-ի կողմից՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և գործընկեր կառույցների կոնսորցիումի հետ սերտ համագործակցությամբ, որի կազմում ընդգրկված են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), «ՇԵՆ» բարեգործական հասարակական կազմակերպությունը, Հայաստանի ամերիկյան համալսարանը (AUA) և Ստոկհոլմի շրջակա միջավայրի ինստիտուտը (SEI)։ Ծրագիրը համադրում է դաշտային մակարդակում էկոհամակարգերի վերականգնման աշխատանքները քաղաքական աջակցության, կարողությունների զարգացման, գիտելիքի ստեղծման և ռեսուրսների մոբիլիզացման հետ՝ արագացնելու բնահեն լուծումների ներդրումը համապետական մակարդակով և նպաստելու Ռիոյի երեք կոնվենցիաների ու ԵՄ Կանաչ օրակարգի շրջանակում Հայաստանի ստանձնած հանձնառությունների կատարմանը։
Անդրադառնալով ծրագրի կարևորությանը՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը նշել է․ «CBD COP17-ի շրջանակում այս նախաձեռնության մեկնարկն արտացոլում է Հայաստանի հանձնառությունը՝ բնությունը դնելու մեր կայուն զարգացման ուղու կենտրոնում։ Ներդրումներ կատարելով էկոհամակարգերի վերականգնման և բնահեն լուծումների մեջ՝ մենք ներդրում ենք կատարում ավելի առողջ լանդշաֆտների, ավելի ուժեղ համայնքների և ավելի դիմակայուն ապագայի համար։ Այս գործընկերությունը կաջակցի Հայաստանին առաջ մղել կենսաբազմազանության, կլիմայի և հողերի վերականգնման ազգային առաջնահերթությունները՝ միաժամանակ շոշափելի օգուտներ բերելով մարդկանց տեղերում»։ IUCN-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն դոկտոր Օլիվեր Ավրամոսկին իր հերթին ընդգծել է, որ Բնահեն լուծումների IUCN գլոբալ ստանդարտով (IUCN Global Standard for Nature-based Solutions™) առաջնորդվելով՝ գործընկերները կնպաստեն էկոհամակարգերի դիմակայունության ամրապնդմանն ու տեղական կենսապահովման միջոցների բարելավմանը։ Շվեդիայի կլիմայի և շրջակա միջավայրի նախարարի պետքարտուղար Դանիել Վեստլենը հավելել է, որ գործնական քայլերում ներդրումներ կատարելով՝ Շվեդիան հպարտ է աջակցել Հայաստանին՝ կառուցելու ավելի կայուն ու դիմակայուն ապագա՝ միաժամանակ նպաստելով կենսաբազմազանության կորստի, կլիմայի փոփոխության և հողերի դեգրադացիայի դեմ ուղղված գլոբալ ջանքերին։
Առաջիկա երեք տարիների ընթացքում նախաձեռնությունը նպատակ ունի վերականգնել կամ բարելավված կառավարման ներքո ներառել առնվազն 1,050 հեկտար հողատարածք, աջակցել Արփա և Եղեգիս գետերի ավազաններում 20 կիլոմետր գետային միջանցքների վերականգնմանը և ուղղակիորեն բարելավել ավելի քան 5,000 բնակչի կենսապայմանները։ Ծրագրային գործողությունները կենտրոնանալու են երեք մարզերում՝ Արագածոտնում, Գեղարքունիքում և Վայոց ձորում, որտեղ էկոհամակարգերն ու գյուղական համայնքներն առավել խոցելի են հողերի դեգրադացիայի, կենսաբազմազանության կորստի և կլիմայի փոփոխության ազդեցությունների նկատմամբ։ Առանցքային միջամտությունների շրջանակում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) իրականացնելու է Արփա և Եղեգիս գետերի միջանցքների վերականգնումը՝ բնահեն էկոհամակարգային միջոցառումների կիրառմամբ։ Միաժամանակ, «ՇԵՆ» ՀԿ-ն կառաջնորդի կլիմայակայուն դաշտապաշտպան անտառաշերտերի և ագրոանտառային համակարգերի ստեղծումը՝ հողի էրոզիան նվազեցնելու և գյուղատնտեսության դիմակայունությունն ամրապնդելու նպատակով։
Անդրադառնալով նախաձեռնության գործնական նշանակությանը՝ FPWC-ի հիմնադիր և տնօրեն Ռուբեն Խաչատրյանը նշել է․ «Այս նախաձեռնության ուժը էկոհամակարգերի վերականգնումը տեղական համայնքների կարիքների հետ կապելու կարողության մեջ է։ Մեր գործընկերների հետ միասին մենք կիրականացնենք գործնական բնահեն լուծումներ, որոնք վերականգնում են դեգրադացված էկոհամակարգերը, հարստացնում կենսաբազմազանությունը և օգնում համայնքներին հարմարվել փոփոխվող կլիմային։ Այս քայլերը ցույց են տալիս, թե ինչպես բնության մեջ կատարվող ներդրումները կարող են երկարաժամկետ օգուտներ բերել կենսապահովման, դիմակայունության և կայուն զարգացման համար ողջ Հայաստանում»։ Բացի դաշտային աշխատանքներից, ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի և Ստոկհոլմի շրջակա միջավայրի ինստիտուտի (SEI) հետ համագործակցությամբ ծրագիրը կփորձարկի Հայաստանում առաջին «Բնահեն լուծումների կենդանի լաբորատորիան» (NbS Living Lab)՝ միավորելով պետական կառույցներին, գիտական շրջանակներին, համայնքներին, քաղհասարակությանն ու մասնավոր հատվածին, ինչպես նաև խթանելով կանանց ու երիտասարդների ներգրավվածությունը և ուսանողական պրակտիկայի նոր ծրագրերի իրականացումը։ Ինչպես ընդգծել է SEI-ի գործադիր տնօրեն Էևա Պրիմերը, գիտությունն ու նորարարությունն առանցքային են արդյունավետ բնահեն լուծումների ընդլայնման համար, և այս գործընկերության միջոցով SEI-ն կտրամադրի ապացույցներ, գիտելիք և գործնական գործիքներ՝ ապահովելու վերականգնման ջանքերի երկարատև արդյունքները թե՛ մարդկանց, թե՛ բնության համար։