Գիտահեն բնապահպանություն՝ COP17-ին ընդառաջ. FPWC-ն մասնակցեց միջազգային գիտաժողովին

Published on 14/06/2026

Երևանում «Կենսաբազմազանություն, պահպանություն և կլիմայի փոփոխություն / Biodiversity, Conservation and Climate Change (Towards COP17)» 2-րդ միջազգային գիտաժողովը տեղի ունեցավ սույն թվականի հունիսի 9–12-ը։ Այս կարևորագույն գիտական իրադարձությունը կազմակերպվել էր ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի և Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) կողմից։

Չորս օրերի ընթացքում գիտաժողովը մեկ հարթակի շուրջ միավորեց Հայաստանի և արտերկրի առաջատար գիտնականներին, երիտասարդ հետազոտողներին, փորձագետներին և գործընկեր կազմակերպություններին՝ քննարկելու մեր մոլորակի և տարածաշրջանի համար կենսական նշանակություն ունեցող արդիական հարցեր։

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) ակտիվ մասնակցություն ունեցավ գիտաժողովի աշխատանքներին՝ ներկայացնելով իր տարիների փորձն ու գիտահետազոտական ձեռքբերումները։

Գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ FPWC հիմնադիր-տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։ Իր ելույթում նա առանձնահատուկ կարևորեց գիտահեն լուծումների կիրառումը գործնական բնապահպանության մեջ.

«Ժամանակակից էկոլոգիական ճգնաժամերի և կլիմայական փոփոխությունների պայմաններում բնության պահպանությունը չի կարող սահմանափակվել միայն էմոցիոնալ քայլերով։ Ցանկացած բնապահպանական միջամտություն և ռազմավարություն պետք է ունենա ամուր գիտական հիմնավորում։ Գիտության և պրակտիկ դաշտային աշխատանքի սերտաճումն է այն միակ ուղին, որով կարող ենք կայուն արդյունքներ արձանագրել՝ ընդառաջ COP17-ին»,- նշեց Ռուբեն Խաչատրյանը։

Գիտաժողովի ընթացքում ուշագրավ զեկույցով հանդես եկավ FPWC բնապահպանական ծրագրերի ղեկավար Ծովինար Հովհաննիսյանը։ Նա ներկայացրեց հիմնադրամի կողմից վերջին տարիներին իրականացված ծավալուն ուսումնասիրությունները՝ նվիրված մարդ-արջ կոնֆլիկտի հիմնախնդիրներին և մեղմման մեխանիզմներին։

Ծովինար Հովհաննիսյանը գիտականորեն հիմնավորեց այն բոլոր բնապահպանական քայլերը, որոնք հիմնադրամն արդեն իսկ իրականացնում է և պլանավորում է կիրառել ապագայում։ Ներկայացված ռազմավարության առանցքում գիտական տվյալների համակարգված հավաքագրումն է, տեղորոշումը և խորքային վերլուծությունը, ինչը թույլ է տալիս կանխատեսել կենդանիների վարքագծային փոփոխությունները և մշակել համակեցության անվտանգ, էֆեկտիվ մոդելներ։

Չորսօրյա ինտենսիվ աշխատանքների ընթացքում ներկայացվեցին բազմաթիվ պլենար, բանավոր և պաստառային զեկույցներ։ Գիտական քննարկումների առանցքում էին հետևյալ ուղղությունները.

- Կենսաբազմազանության պահպանություն և էկոլոգիա,
- Կլիմայի փոփոխության ազդեցությունը էկոհամակարգերի վրա,
- Ջրային էկոհամակարգերի պահպանություն,
- Մեկ առողջություն միջդիսցիպլինար մոտեցումների կիրառում,
- Մակաբուծաբանության արդի հարցեր,
- Ժամանակակից հետազոտական և նորարարական մեթոդների ներդրում։

Գիտաժողովը ծառայեց որպես հզոր հարթակ փորձի փոխանակման, նոր համագործակցությունների ձևավորման և գիտություն–քաղաքականություն կապի ամրապնդման համար։

FPWC-ն իր խորին շնորհակալությունն է հայտնում բոլոր մասնակիցներին, բանախոսներին, կազմակերպիչներին և կամավորներին՝ ակտիվ մասնակցության և գիտաժողովի բարձր մակարդակով իրականացման համար։