COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը

Published on 30/10/2026

Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում գործող Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և Ucom ընկերության համատեղ տաղավարում տեղի է ունեցել Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գրքի շնորհանդեսը։ Միջոցառումն անցկացվել է «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի և COP17-ի շրջանակում՝ պատանիներին համախմբելով գրականության և բնության պահպանության շուրջ։ Բնապահպանական հեքիաթը պատմում է Ազատի և նրա ընկերների արշավի մասին, որը վերածվում է խորհրդավոր արկածի՝ վայրի կենդանիների հետ անսպասելի հանդիպումներով։ Ընկերության և փոխօգնության մասին այս պատմությունը պատանի ընթերցողներին ծանոթացնում է Հայաստանի վայրի բնությանը՝ սովորեցնելով ճանաչել, հասկանալ ու պահպանել այն։
Անդրադառնալով բնապահպանական կրթության կարևորությանը՝ Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշել է․ «Ucom-ում մենք հավատում ենք, որ բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունքը ձևավորվում է վաղ տարիքից՝ ճանաչելու, հետաքրքրվելու և հարցեր տալու միջոցով։ Գիրքն այդ ճանապարհին կարևոր ուղեկից կարող է լինել։ Որպես «կանաչ» ընկերություն՝ աջակցելով նման նախաձեռնություններին՝ մենք ցանկանում ենք երիտասարդների համար ստեղծել սովորելու և իրենց շրջապատող աշխարհը բացահայտելու նոր հնարավորություններ։ FPWC-ի հետ մեր համագործակցության կարևոր ուղղություններից է նաև բնապահպանական կրթությունը, որի միջոցով ձգտում ենք նպաստել ավելի իրազեկ ու հոգատար սերնդի ձևավորմանը»։
Շնորհանդեսի ընթացքում գրքի հեղինակ Շողեր Պետրոսյանն ու նկարազարդող Էմմա Իսախանյանը ներկայացրել են ստեղծագործության մտահղացումն ու ստեղծման պատմությունը։ Պատանի մասնակիցները հնարավորություն են ունեցել զրուցելու գրքի ստեղծողների հետ, հարցեր ուղղելու նրանց և կիսվելու իրենց տպավորություններով, իսկ հանդիպումն ուղեկցվել է գրքից հատվածների ընթերցմամբ և քննարկմամբ։ ««Արևորդի» փառատոնի և մեր կրթական ծրագրերի առանցքում միշտ եղել է երիտասարդ սերնդի մոտ բնապահպանական գիտակցության ու հոգատարության ձևավորումը։ «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը պարզապես արկածային պատմություն չէ, այլ յուրօրինակ կամուրջ երեխաների և Հայաստանի հարուստ կենսաբազմազանության միջև։ Ուրախ ենք, որ մեր երկարամյա գործընկեր Ucom-ի աջակցությամբ կարողանում ենք գրականության, արվեստի և ֆիլմերի միջոցով պատանիներին ներգրավել բնության պահպանության կարևորագույն գործում», - ընդգծել է «Արևորդի» ՀԿ տնօրեն Սոնա Քալանթարյանը։
Գիրքը կներկայացվի նաև COP17-ի Կապույտ գոտում գործող Կունմինգ-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակի (KMGBF) տաղավարում անցկացվող Կրթության օրվա շրջանակում, որը նվիրված է կենսաբազմազանության պահպանության գործում կրթության դերին և միջազգային համագործակցության խթանմանը։ Ucom-ը երկարամյա համագործակցություն ունի Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հետ՝ աջակցելով բնության պահպանությանը, բնապահպանական կրթությանն ու համայնքների զարգացմանն ուղղված նախաձեռնություններին, իսկ «Արևորդի» փառատոնի և «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գրքի հրատարակման աջակցությունն այդ գործընկերության կարևոր մասն է կազմում։