Համայնքը՝ որպես բնության պահապան. կլիմայական մարտահրավերներ և ոլորտային համագործակցություն

Published on 16/02/2026

Օրերս Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հիմնադիր տնօրեն Ռուբեն Խաչատրյանը մասնակցել է «Ռազմավարական զարգացման գործակալության» (SDA) և Հարմարվողականության հիմնադրամի (Adaptation Fund) կողմից կազմակերպված «Ոլորտային համագործակցություն» պանելային քննարկմանը։ Հանդիպման առանցքում համայնքների ներգրավվածությունն էր բնապահպանական գործընթացներում և կլիմայական փոփոխություններին դիմակայելու ռազմավարությունները։

 

Քննարկման ընթացքում շեշտադրվել են մի քանի առանցքային ուղղություններ, որոնք FPWC-ի գործունեության հիմնասյուներն են.

 

- Համայնքային ներգրավվածություն և պահպանություն. փորձը ցույց է տալիս, որ երբ տեղական համայնքն անմիջականորեն ներգրավված է բնական ռեսուրսների կառավարման մեջ, զգալիորեն նվազում են ապօրինի որսի և անտառահատումների դեպքերը։ Բնության պահպանությունն արդյունավետ է միայն այն դեպքում, երբ այն հիմնված է համայնքի հոգատարության և պատասխանատվության վրա։

 

- Իրավական մեխանիզմներ և հողատարածքների պաշտպանություն. անժամկետ պահպանության համաձայնագրերը հուսալի գործիք են, որոնք թույլ են տալիս պաշտպանել էկոհամակարգերը՝ միաժամանակ լիարժեք պահպանելով համայնքների սեփականության իրավունքը։

 

- Գիտական մոնիթորինգ և հարմարվողականություն. թռչունների և կենդանիների պոպուլյացիաների կանոնավոր մոնիթորինգից ստացված տվյալները հիմք են կլիմայական հարմարվողականության ճիշտ պլանավորման և ռիսկերի նվազեցման համար։

 

- Կայուն տնտեսական զարգացում. էկոզբոսաշրջության զարգացումն ու տեղական արտադրանքի բրենդավորումը ստեղծում են եկամտի նոր, կայուն աղբյուրներ գյուղաբնակների համար՝ նվազեցնելով բնության վրա մարդածին ճնշումը։

 

FPWC-ի կողմից Գեղարքունիքի, Արմավիրի, Արարատի և Տավուշի մարզերում իրականացվող քառամյա ծրագիրը գործնականում ապացուցում է՝ երբ բնակիչները դառնում են իրենց հողի ու բնության իրական տերը, նրանք հնարավորություն են ստանում կառուցելու սեփական կայուն և դիմակայուն ապագան։


🐻 Նվիրաբերել և անվանակոչել