Աշխարհի աչքերը CWR-ում․ ավելի քան 20 միջազգային լրագրողներ COP17-ի շրջանակում այցելել են Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան

Published on 27/10/2026

Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում (CWR) հյուրընկալել է ավելի քան 20 առաջատար միջազգային լրագրողների։ Մեդիա-մասնագետները Հայաստան են ժամանել «Earth Journalism Network»-ի (EJN) հեղինակավոր ծրագրով՝ ընտրվելով աշխարհի տարբեր երկրներից ներկայացված ավելի քան 140 հայտերից։

Ասիայից, Աֆրիկայից և Լատինական Ամերիկայից ժամանած լրագրողները, որոնք լուսաբանում են COP17-ի գլոբալ բանակցություններն ու բնապահպանական օրակարգը, այցի ընթացքում տեղում ծանոթացել են FPWC-ի կողմից կիրառվող բնապահպանական մոդելին և պահպանվող տարածքի կառավարման առանձնահատկություններին։

Այցը հնարավորություն է ընձեռել միջազգային մեդիայի ներկայացուցիչներին իրենց աչքերով տեսնել, թե ինչպես են Կունմինգ-Մոնրեալի համաշխարհային կենսաբազմազանության շրջանակի (KMGBF) գլոբալ նպատակները գործնականում կյանքի կոչվում Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում։ Լրագրողներին ներկայացվել են հիմնադրամի համալիր աշխատանքները՝ տեսակների պաշտպանությունից ու վայրի կենդանիների փրկությունից մինչև էկոհամակարգերի վերականգնում։