
Published on 23/10/2026
Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում գործող Քաղաքային կենսաբազմազանության գոտում (Urban Biodiversity Zone) տեղի է ունեցել Պաչամամայի (Pachamama) ավանդական արարողությունը, որին մասնակցել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ կարևորելով մշակութային ու բնապահպանական արժեքների համադրումը համաշխարհային բնապահպանական երկխոսության համատեքստում։
Անդյան բնիկ ժողովուրդների հազարամյա մշակույթում Պաչամաման Մայր Հողի, կյանքի և պտղաբերության մարմնավորումն է։ Այս խորհրդանշական արարողությունը բնության նկատմամբ խորին երախտագիտության և շրջակա միջավայրի հետ մարդու անխզելի կապի յուրահատուկ հիշեցում էր։ Միաժամանակ, այն յուրօրինակ կամուրջ է հանդիսացել բնիկ ժողովուրդների դարավոր իմաստնության ու ժամանակակից քաղաքային կայուն զարգացման տեսլականի միջև՝ ընդգծելով, որ բնության հանդեպ հարգանքը պետք է ընկած լինի ցանկացած զարգացման ծրագրի հիմքում։
Միջոցառումը մեկ անգամ ևս փաստել է Երևանի հստակ հանձնառությունը՝ քաղաքային միջավայրում կենսաբազմազանության պահպանման, կանաչ տարածքների շարունակական ընդլայնման և գլոբալ բնապահպանական նախաձեռնություններին ակտիվորեն միանալու գործում։