
Published on 17/11/2026
«Երևանի բնապահպանական սիմպոզիում 2026»-ի (YCS 2026) երկրորդ օրը մեկնարկել է տեղեկատվական նիստով, որը նվիրված էր բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների ինքնորոշված կառավարմանը, ինչպես նաև «Կյանքի տարածքներին» (Territories of Life) ցուցաբերվող իրավական ու գործնական աջակցության մեխանիզմներին։ ICCA կոնսորցիումի ներկայացուցիչ Հանիե Մողանիի մոդերատորությամբ ընթացող քննարկումը համախմբել էր աշխարհի տարբեր տարածաշրջանների համայնքային առաջնորդների ու փորձագետների՝ ներկայացնելու դարավոր ավանդույթների վրա հիմնված բնապահպանության իրական պատկերը։
Բացելով նիստը՝ Հանիե Մողանին հստակեցրել է ոչ պետական կառավարման համակարգերի փիլիսոփայությունն ու դերը գլոբալ բնապահպանության մեջ․ «Պետությունից անդին իրականացվող պահպանությունը չի նշանակում պահպանություն պետության դեմ։ Խոսքը դարեր շարունակ սերնդեսերունդ փոխանցված համայնքային և բնիկ կառավարման համակարգերը լույս աշխարհ բերելու մասին է, որոնք կազմում են գլոբալ բնապահպանության բուն հիմքը»։
Այս դարավոր փորձառության վառ օրինակները ներկայացվեցին տարբեր մայրցամաքների տեսանկյունից։ Մասնավորապես՝ Չիլիի «Observatorio Ciudadano / Wenumapu» նախաձեռնության ներկայացուցիչ Սիմոն Կրիսոստոմո Լոնկոպանն անդրադարձել է Լատինական Ամերիկայի բնիկ համայնքների ինքնակազմակերպման մոդելին․ «Պատագոնիայում «Wenumapu»-ի կառավարումը, որը միավորում է Մապուչե 70 համայնքների, հիմնված է ավանդական ժողովների (Trawün) և համայնքային կոնսենսուսի վրա։ Բնիկ ժողովուրդների բնապահպանական փորձն ավելի հին է, քան ցանկացած պետական համաձայնագիր, և այն պետք է պաշտոնապես ճանաչվի»։
Նմանատիպ խորքային ավանդույթներ ու համայնքային պատասխանատվություն առկա են նաև Աֆրիկյան մայրցամաքում, որտեղ անտառային էկոհամակարգերի պահպանությունն ուղղակիորեն կապված է տեղաբնակների ապրելակերպի հետ։ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ANAPAC կազմակերպության և ICCA կոնսորցիումի ներկայացուցիչ Ժոզեֆ Իտոնգվա Մուկումոն ընդգծել է ուղղակի աջակցության անհրաժեշտությունը․ «Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքում ապրող Բամբուտի-Բաբուլուկո բնիկ ժողովուրդը դարեր շարունակ պահպանել է անտառները։ Պահպանությունն արդյունավետ է միայն այն դեպքում, երբ տեղական համայնքների ավանդական կառավարման համակարգերը հարգվում են և ստանում ուղղակի աջակցություն»։
Համայնքային կառավարման կայունությունն առավել տպավորիչ է դառնում հատկապես ճգնաժամային և հակամարտության գոտիներում, որտեղ բնության պահպանությունը դառնում է գոյատևման և ապագայի երաշխիք։ Մյանմարի KESAN կազմակերպության ներկայացուցիչ Փոլ Սեյն Տվան կոչ է արել միջազգային հանրությանը չդադարեցնել աջակցությունը նույնիսկ ամենաբարդ պայմաններում․ «Մենք հորդորում ենք միջազգային գործընկերներին չդադարեցնել աջակցությունն ու ֆինանսավորումը նույնիսկ պատերազմի և հակամարտության գոտիներում։ Բնիկ ժողովուրդների համար բնության պահպանությունը «բարեկեցություն» է՝ մարդկանց, բնության և ապագա սերունդների փոխկապակցված ներդաշնակությունը»։ Այս միտքը գործնական փաստերով լրացրել է Մյանմարի KNU կազմակերպության ներկայացուցիչ Բանհան Չումթիոմայը՝ նշելով․ «Մարտահրավերների և զինված հակամարտության պայմաններում Կարեն ժողովուրդն արդեն իսկ գրանցել է 33 ավանդական հողատարածք և մշակել է կլիմայական գործողությունների 10-ամյա ծրագիր»։
Ամփոփելով ներկայացված փորձառություններն ու առաջնահերթությունները՝ ICCA կոնսորցիումի ներկայացուցիչ Ջեսիկա Կամպեզեն շեշտել է, որ պաշտոնական ճանաչումից պետք է անցնել իրական գործիքակազմերի տրամադրման․ «Իրական ճանաչումը սկսվում է ներքին ինքնաճանաչումից և համայնքային կազմակերպվածությունից։ Չնայած «Կյանքի տարածքների» ճանաչման գործում գլոբալ մակարդակով գրանցված առաջընթացին՝ մենք շարունակական պատասխանատվություն ենք կրում ապահովելու դրանց իրական իրավական և ֆինանսական աջակցությունը»։
Քննարկման մասնակիցները վերահաստատեցին, որ Կունմինգ-Մոնրեալի «Նպատակ 3»-ի հաջող իրագործումն անհնար է առանց տեղական համայնքների և բնիկ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարգման ու նրանց կառավարման համակարգերի լիարժեք ինստիտուցիոնալ աջակցության։