
Published on 22/11/2026
ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) շրջանակում տեղի ունեցած մասնագիտական քննարկումների ընթացքում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) բնապահպանական ծրագրերի ղեկավար Ծովինար Հովհաննիսյանը ներկայացրել է մարդ-վայրի բնություն հակամարտության մարտահրավերներն ու այդ ուղղությամբ FPWC-ի իրականացրած ծավալուն աշխատանքը։ Ելույթի առանցքում Հայաստանում սիրիական գորշ արջերի և տեղական համայնքների միջև հակամարտության նվազեցմանն ուղղված FPWC-ի բազմամյա ծրագրերն ու կանխարգելիչ գործնական քայլերն էին։ Ծովինար Հովհաննիսյանն ընդգծել է, որ արդյունավետ պահպանությունն անհնար է սահմանափակել միայն պետական պահպանվող տարածքների սահմաններով, անհրաժեշտ է իրականացնել լանդշաֆտային մակարդակով կայուն կառավարում, որը հիմնված է համայնքների հետ փոխադարձ վստահության, հավասարազոր գործընկերության և ընդհանուր պատասխանատվության վրա։ Ծավալված ակտիվ քննարկման ընթացքում Ծովինար Հովհաննիսյանը պարզաբանել է, որ դրամական փոխհատուցումները հաճախ չեն լուծում խնդրի բուն պատճառը, քանի որ համայնքները սկսում են ապավինել վնասի վերականգնմանը՝ կանխարգելիչ պաշտպանական միջոցներ ձեռնարկելու փոխարեն։ Այս համատեքստում ներկայացվել է արջերի լրացուցիչ կերակրման վերաբերյալ FPWC-ի մշակած հատուկ մոտեցումը․ այն կիրառվում է բացառապես որպես ժամանակավոր, ճգնաժամային լուծում՝ բնակավայրերից հեռու տարածքներում։ Կերակրումն իրականացվում է տեղանքի և սեզոնային կերացանկի մշտական փոփոխությամբ, որպեսզի կանխվի կենդանիների մոտ մարդուց կամ կոնկրետ տարածքներից կախվածության ձևավորումը։ FPWC-ի ներկայացրած փորձառությունը ցույց է տալիս, որ մարդ-վայրի բնություն հակամարտության մեղմումը պահանջում է գիտականորեն հիմնավորված, կանխարգելիչ և համայնքահեն լուծումներ, որոնք կարող են օրինակելի դառնալ նաև տարածաշրջանային փորձի փոխանակման և կենսաբազմազանության պահպանության համատեքստում։