Ոչ պետական պահպանվող տարածքները՝ որպես անապատացման դեմ պայքարի և կենսաբազմազանության պահպանման գլոբալ հենասյուն․ Ուլան Բատորից մինչև Երևան

Published on 26/08/2026

Հողերի դեգրադացիան, կլիմայական փոփոխությունները և անապատացումն այսօր սպառնում են մոլորակի էկոլոգիական հավասարակշռությանն ու համայնքների կայուն զարգացմանը։ Ակնհայտ է, որ այս համամոլորակային մարտահրավերների դեմ արդյունավետ պայքարն անհնար է պատկերացնել բացառապես պետական արգելոցների ու ազգային պարկերի հաշվին․ անհրաժեշտ են նորարարական, ներառական և գիտահեն լուծումներ, որոնք ընդգրկում են ոչ պետական հատվածի ողջ ներուժը։

 

Հենց այս առանցքային գաղափարն էր Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորում ընթացող ՄԱԿ-ի Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի (UNCCD) COP17 համաժողովի շրջանակում կայացած միջազգային քննարկումների ուշադրության կենտրոնում։

 

UNCCD COP17-ի շրջանակում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) մոդերատորությամբ տեղի ունեցավ «Yerevan Conservation Symposium 2026: Beyond State Protected Areas» (Երևանյան բնապահպանական սիմպոզիում 2026. Պետական պահպանությունից անդին) խորագրով հատուկ պանելային քննարկումը։ 

 

Միջազգային բարձր մակարդակի հարթակում FPWC-ի հիմնադիր տնօրեն Ռուբեն Խաչատրյանը ելույթ ունեցավ աշխարհի առաջատար բնապահպանական կառույցների ղեկավարների ու փորձագետների հետ համատեղ, որոնց թվում էին․

- Մադհու Ռաո (IUCN Պահպանվող տարածքների համաշխարհային հանձնաժողովի – WCPA նախագահ),

- Թերենս Հեյ-Էդի (UNDP ծրագրերի ավագ խորհրդատու),

- Հանիե Մողանի (ICCA կոնսորցիումի տարածաշրջանային համակարգող),

- Ջենիֆեր Կորպուզ Տաուլի (Բնիկ ժողովուրդների հարցերով ՄԱԿ-ի մշտական ֆորումի անդամ),

- Ցերենդելեգ Դաշպուրև (Մոնղոլիայի «Խուստայ» ազգային պարկի տնօրեն)։

 

Քննարկման մասնակիցներն արձանագրեցին, որ ոչ պետական պահպանվող տարածքները՝ Մասնավոր պահպանվող տարածքները (PPAs), Այլ արդյունավետ բնապահպանական միջոցառումները (OECMs) և Համայնքային պահպանվող տարածքները (ICCAs), կենտրոնական նշանակություն ունեն հողերի դեգրադացիայի կասեցման, կլիմայական սթրեսների մեղմման և Քունմինգ-Մոնրեալի համաշխարհային շրջանակային ծրագրի (KMGBF) Թիրախ 3-ի իրագործման համար (մինչև 2030 թվականը ցամաքային և ջրային տարածքների առնվազն 30%-ի արդյունավետ պահպանություն)։

 

Մասնավոր և ոչ պետական պահպանվող տարածքների բարձր արդյունավետության վառ ապացույց է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից հիմնադրված Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը (CWR), որը հանդիսանում է առաջին և միակ մասնավոր պահպանվող տարածքը ողջ տարածաշրջանում։

 

Շուրջ 30,000 հեկտար տարածք ընդգրկող CWR-ի ավելի քան 20-ամյա փորձը ցույց է տալիս, թե ինչպես կարող է համայնքային վարձակալության և մասնավոր կառավարման մոդելը․

- Վերականգնել վայրի բնության բնական միգրացիոն միջանցքները,

- Ապահովել կարմիրգրքյան տեսակների (կովկասյան հովազ, բեզոարյան այծ, հայկական մուֆլոն, գորշ արջ) պոպուլյացիաների կայուն աճը,

- Նվազեցնել մարդ-վայրի բնություն կոնֆլիկտը հարակից համայնքներում։

 

CWR-ի հաջողված քեյսը միջազգային հանրությանը ցույց է տալիս, որ ոչ պետական պահպանվող տարածքները ոչ թե փոխարինում են պետական համակարգին, այլ լրացնում ու հզորացնում են այն՝ ստեղծելով էկոլոգիական անվտանգության հուսալի բամպեր։

 

Ուլան Բատորում UNCCD COP17-ի շրջանակում մեկնարկած գլոբալ դիսկուրսն իր տրամաբանական գագաթնակետին կհասնի Հայաստանում։

 

2026 թվականի հոկտեմբերի 17-18-ը Երևանում կանցկացվի Pre-COP17 գլոբալ սիմպոզիումը, որը կհամախմբի ավելի քան 200 բարձրաստիճան պատվիրակների, միջազգային փորձագետների, դիվանագետների և իրավաբանների 50+ երկրներից։

 

Սիմպոզիումի գլխավոր նպատակն է մշակել և ընդունել «Yerevan Call to Action» (Երևանյան գործողությունների կոչ) պատմական փաստաթուղթը։ Այս նախաձեռնությունը նպատակ ունի․

- Իրավական ամրագրում տալ ոչ պետական պահպանվող տարածքներին (PPAs, OECMs, ICCAs) միջազգային և ազգային օրենսդրություններում,

- Սահմանել ֆինանսավորման և աջակցության կայուն մեխանիզմներ համայնքների և մասնավոր պահպանողների համար,

- Ստեղծել միասնական ռազմավարական հարթակ նախքան Երևանում ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (**CBD COP17) պաշտոնական մեկնարկը։

 

FPWC-ն շարունակում է իր առաջնորդող դերակատարումը տեղական և միջազգային բնապահպանական օրակարգերի կամրջման գործում՝ ապահովելով Հայաստանի ակտիվ մասնակցությունը գլոբալ էկոլոգիական որոշումների կայացմանը։