Ի՞նչ է տեղի ունենում, երբ բնությունն ի վերջո ներկայացնում է իր «չվճարված հաշիվը»․ բիզնեսի և կենսաբազմազանության փոխկապակցվածության քննարկում COP17-ի Կանաչ գոտում

Published on 24/10/2026

Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և Ucom ընկերության նախաձեռնությամբ կայացել է «Անտեսանելի մատակարարը․ բիզնեսը, կենսաբազմազանությունն ու չգնահատված ռեսուրսը» խորագրով պանելային քննարկումը։ Միջոցառումը ծավալվել է մեկ առանցքային գաղափարի շուրջ․ բնությունն ապահովում է բիզնեսի գործունեության համար անհրաժեշտ հիմնական ռեսուրսները, սակայն այդ էկոհամակարգային ծառայությունները երբեք չեն արտացոլվում ընկերությունների հաշվապահական հաշվեկշիռներում։
Բնական ռեսուրսների անտեսման և կլիմայական փոփոխությունների հետևանքով առաջացող այդ «չվճարված հաշիվը» արդեն իսկ շոշափելի է դառնում տեղական տնտեսվարողների համար։ Գործնական օրինակով իրավիճակը ներկայացրել է Ֆրունզ Հարությունյանը՝ անդրադառնալով խաղողագործության ոլորտում արձանագրվող փոփոխություններին․ «Կլիմայի փոփոխության պատճառով խաղողն ավելի շուտ է հասունանում, շաքարայնությունը կտրուկ բարձրանում է, իսկ անհրաժեշտ թթվայնությունն ու արոմատիկան չեն հասցնում ձևավորվել։ Հասկանալով, որ Արարատյան դաշտն ապագայում այլևս նախկին նպաստավոր միջավայրը չի լինելու՝ մենք ստիպված ենք եղել նոր այգիներ հիմնել 2,000–2,100 մ բարձրության վրա»։
Նույն սպառնալիքը գլոբալ ապրանքաշղթաների մակարդակով է դիտարկել «Puro Fairtrade Coffee» ընկերության ներկայացուցիչ Էնդի Օրչարդը՝ ներկայացնելով «մատակարարին նախապես վճարելու» իրենց կորպորատիվ մոդելը․ «Կանխատեսվում է, որ մինչև 2050 թվականը Եթովպիայի սուրճի ֆերմաների 80%-ը կարող է դադարել գործել։ Մենք որոշել ենք վճարել մեր մատակարարին նախքան հաշիվ ստանալը․ Puro-ն արդեն 22 տարի իր վաճառքի 2%-ն ուղղում է արևադարձային անտառների գնմանն ու պաշտպանությանը»։
Որպեսզի բնության մեջ ներդրում կատարելը մասնավոր հատվածի համար չմնա որպես եզակի նախաձեռնություն և դառնա համակարգային լուծում, FPWC-ի հիմնադիր և տնօրեն Ռուբեն Խաչատրյանն առաջարկել է պետություն-բիզնես համագործակցության կոնկրետ մեխանիզմ․ «Էկոհամակարգային ծառայությունների դիմաց վճարելը խրախուսելու համար կառավարությանն ենք ներկայացրել «1% կոնցեպտը»․ եթե ընկերությունը պատրաստ է իր կողմից 0․5% ներդնել բնապահպանության մեջ, պետությունը կարող է նույնքանով նվազեցնել նրա հարկային բեռը»։
Պետության և բիզնեսի համատեղ ներգրավվածության ու նմանատիպ կորպորատիվ գործընկերության իրական, տեսանելի ազդեցությունը տեղերում եզրափակել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը՝ ընդգծելով համայնքների և վայրի բնության ներդաշնակ համակեցության կարևորությունը․ «Երբ տեսնում ես գյուղացիների դեմքի ժպիտն ու գոհունակությունը, երբ իրենց տարվա աշխատանքն ու մեղվանոցները պաշտպանված են դառնում էլեկտրական ցանկապատերով, հասկանում ես, թե որքան կարևոր է վայրի բնության հետ խաղաղ համակեցությանն ուղղված այս գործնական աջակցությունը»։